Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կրեմլը խաղից դուրս է մնում

Կրեմլը խաղից դուրս է մնում
05.09.2020 | 10:31

Բողոքի ակցիաները Մինսկում շարունակվում են: Բայց աննախադեպ դժգոհության մեջ, որ ցնցում է Բելառուսը օգոստոսի 9-ի վիճելի նախագահական ընտրություններից հետո, ավելի ու ավելի է զգացվում Մոսկվայի ստվերը՝ գրում է Բենժամեն Քենելը Les Echos-ում: Հզոր հարևանը սկսել է բազմապատկել աջակցության նշանները 66-ամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ իշխանություն է 26 տարի: Հինգշաբթի վարչապետ Միխայիլ Միշուստինը այցելել է Մինսկ: Այցի օրակարգը հիմնականում տնտեսական էր, հաշվի առնելով, որ բելառուսական ՀՆԱ-ի կեսը կախված է Ռուսաստանից: Միխայիլ Միշուստինի այցը առաջին փուլն է՝ տնտեսական: Քաղաքական ճգնաժամի լուծումը երկրորդ փուլում է լինելու: Վլադիմիր Պուտինը երկու շաբաթից Կրեմլում սպասում է ԵՄ-ի քննադատությանը և պատժամիջոցներին ենթարկված Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հիշեցնում է միջազգային հարցերով ռուսական խորհրդի նախագահ Անդրեյ Կորտունովը: «Կրեմլը մինչև օրս չունի բելառուսական ճգնաժամից ելքի հստակ ծրագիր: Նա կարող է Մինսկում կազմակերպել քաղաքական տարանցում, որ մասնակի կբավարարեր միտինգավորներին, կպաշտպաներ Ռուսաստանի շահերը»՝ գտնում է Անդրեյ Կորտունովը և նախազգուշացնում. «Պուտինը երբեք չի հրաժարվել երկու երկրների միավորման իր նախագծից»:

Ոմանք կասկածում են Մոսկվային, որ նպաստել է Մինսկի հանրահավաքներին, որ թուլացնի Ալեքսանդր Լուկաշենկոյին և ստիպի համաձայնել միավորմանը, որից նա հրաժարվում էր և որը թվում է նրա ապագայի փրկության միակ միջոցը: Հիմա Կրեմլը ամբոխի առաջ, որ մերժում է իր դաշնակցին, բայց ոչ Ռուսաստանին, որոնում է պլան Բ-ն: Պատահաբար, թե անդրկուլիսային միջազգային գործարքների հետևանքով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումը կդառնա լավագույն երկարաժամկետ լուծումը Մինսկի քաղաքական ճգնաժամի: Դա բելառուսական ընդդիմության պահանջներից մեկն է, ցուցարարներին ոգևորող Սվետլանա Տիխոնովսկայայի: Դա համաձայնության ճանապարհի հիպոթետիկ ելակե՞տ է: Հնարավոր անցումային դեմքով, որ կլինի ոչ թե բելառուս Ժաննա դ'Արկը, այլ՝ Վիկտոր Բաբարիկոն՝ Գազպրոմի դուստր ընկերության նախկին գլխավոր տնօրենը, որ ձերբակալվեց, երբ պատրաստվում էր նախագահի թեկնածու դառնալ: Մոսկվային մերձ հայտնի բիզնեսմեն:
Բենժամեն Քենել, Les Echos


Հ.Գ. Die Welt-ում Քրիստոֆ Շիլցը գրում է, որ Լուկաշենկոն կարող է ուրախանալ՝ վիճահարույց նախագահական ընտրություններից հետո ԵՄ-ն մտադիր է Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանել, բայց ոչ նրա դեմ: Ու դրա համար պարտական է նախևառաջ Գերմանիային: Die Welt-ի տեղեկություններով՝ Բելառուսի նախագահը չի լինի ԵՄ պատժամիջոցների ցանկում՝ Գերմանիային աջակցել են Ֆրանսիան ու Իտալիան: Ներքին քննարկումներում Բեռլինն ու Փարիզը փաստարկել են, որ Լուկաշենկոյի հետ շփման հնարավորությունները պետք է բաց մնան բոլոր դեպքերում, իսկ պատժամիջոցները կարգելակեն դա: Մերձբալթյան երկրները և Լեհաստանը այլ կարծիք ունեն և առաջարկել են Լուկաշենկոյի անունը ներառել պատժամիջոցների ցանկում: Պաշտոնական ցանկը կհրապարակվի եկող շաբաթ կամ երկու շաբաթից:


Օգոստոսի 14-ին արտահերթ հըանդիպումից հետո ԵՄ ԱԳ նախարարները հայտարարեցին, որ պատժամիջոցներ են սահմանվում անձանց դեմ, որ քաղաքական պատասխանատվություն են կրում ոստիկանության կիրառած բռնությունների և նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման համար: Այն ժամանակ պարզ չէր՝ կլինի Լուկաշենկոն ցանկում: Ինտենսիվ քննարկումներից հետո ակնկալվում է, որ ԵՄ-ն կսառեցնի 16-19 անձանց ունեցվածքը, նրանց մուտքը ԵՄ կարգելվի: Մոսկվան վերջերս վստահեցրել է Լուկաշենկոյին, որ իրավիճակը սրվելու դեպքում Բելառուս կուղարկի անվտանգության ուժեր նրան աջակցելու համար: Որքանո՞վ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրականում պատրաստ երկար ժամանակով Լուկաշենկոյին պաշտոնում պահել, Բրյուսելի համար պարզ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ